Գեղարքունիքի մարզում զինվորականների մահը Հայաստանի պաշտպանական համակարգի դեգրադացիայի դրսևորում է, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ մեկնաբանելով Ազատ գյուղում տեղակայված ստորաբաժանման կացարանում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Նա նշել է, որ աշխարհի ցանկացած բանակում հնարավոր են ողբերգական դժբախտ պատահարներ, որոնք հանգեցնում են մարդկային զոհերի։ Փորձագետի խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե սխալների, այլ, ըստ էության, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի փլուզման ու դեգրադացիայի մասին է։ Փորձագետն ընդգծեց, որ դա ուղղակի հետևանք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխամտածված ձևով վարած կադրային քաղաքականության և զինված ուժերի՝ որպես ինստիտուտի նպատակասլաց թուլացման։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում 5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում Հայաստանում Գլխավոր շտաբի հինգ պետ է փոխվել։ «Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի պաշտպանության նախարար է փոխվել», – ավելացրեց նա՝ նշելով, որ նույն 2-րդ կորպուսում, որտեղ հրդեհ է բռնկվել և մարդիկ մահացել են, հինգ տարուց պակաս ժամանակահատվածում արդեն երրորդ հրամանատարն է եղել: Վրթանեսյանը նշել է, որ անցած տարվա հինգ ամիսների ընթացքում Հայաստանում չի եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Նա ընդգծեց, որ, բնականաբար, մի իրավիճակում, երբ, ըստ էության, բանակն ու զինված ուժերը մշտապես գտնվում են ինչ-որ անորոշ վիճակում, տեղի է ունենում մշտական կադրային շարժ, ապա սովորական հարցերը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության հետ կապված, չեն ստանում այնպիսի լուծում, ինչպես նախկինում, երբ գալիս էին տեսուչները և ստուգումներ էին անցկացնում։
Փորձագետը նկատեց, որ լրագրողների կողմից արված լուսանկարների շնորհիվ հասարակությունը տեսել է կիսաքանդ տուն, որտեղ ապրում էին ժամկետային զինծառայողները, և անհասկանալի է, թե ինչպես պետք է այն տաքացվեր։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակում իշխանությունները շտապել են մեղքը բարդել սպաների վրա։ «Իսկ ինչու ոչ ոք չգիտեր և չէր հարցնում, թե ինչպես են այդ մարդիկ ապրում Գեղարքունիքում և ինչպես են տաքացնում տարածքը»,- հարցադրում արեց Վրթանեսյանը։ Նրա խոսքով՝ նման միջադեպ տեղի է ունեցել նաև մի քանի ամիս առաջ, ճիշտ է, այն ժամանակ այդքան զոհեր չեն եղել։
«Եթե պետությունը զինվորների համար չի ապահովում նվազագույն նորմալ կենսապայմաններ, մասնավորապես՝ կացարանի անվտանգ տաքացում, ապա ինչպես կարելի է ասել, որ դա սպայի անձնական պատասխանատվությունն էր», – նկատեց Վրթանեսյանը՝ նման մոտեցումն անվանելով «աբսուրդ»։
Փորձագետի խոսքով՝ հայտնի է դարձել նաև, որ Պաշտպանության նախարարության 2022 թվականի բյուջեն չի կատարվել։ «Այսինքն՝ հսկայական գումար կա, որը, չգիտես ինչու, չի ծախսվել։ Զորանոցներն ու բանակն այս վիճակում են և հսկայական գործ կա, որ պետք է անել, սակայն նրանք նստած են այդ հարյուր միլիոնավոր դոլարների վրա և չեն ծախսում։ Դրա փոխարեն գումար է ծախսվում, ասենք, Երևանի տոնական լուսավորության վրա», – հայտարարել է փորձագետը։
Մեկնաբանելով հրդեհի հետ կապված արդեն իսկ տեղի ունեցած պաշտոնանկությունները՝ Վրթանեսյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ պաշտոնանկությունները վերաբերել են բանակի ստորին օղակներին։ Նա հիշեցրեց, որ աշխատանքից ազատվել են կորպուսի հրամանատարն ու շտաբի պետը, նրա տեղակալը, մարտական հերթապահության գծով տեղակալը, թիկունքի պետը և այլն: «Ըստ էության, կորպուսի հրամանատարությունը գլխատված է, իսկ դա կորպուս է, որը պաշտպանում է առաջնագիծը, Ադրբեջանի հետ արևելյան սահմանի մի մեծ հատված», – ընդգծեց նա:
Փորձագետի խոսքով՝ բանակում պաշտոնանկությունները դրական տեղաշարժերի չեն հանգեցնի, և դրանց նպատակն է «քավության նոխազ» գտնել և պաշտպանել պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանին՝ «զոհաբերելով» ավելի ցածր մակարդակի զինվորականներին։