Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում և Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը:
Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ անդրադարձ է կատարվել պաշտոնյայի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներին:
«Կոլոմինան հանդիպումների ժամանակ ընդգծել է ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երեւանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև ողջունել է Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում: Նա նաև քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այց էր կատարել Հայաստան և Ադրբեջան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: