Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի ամդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում։ Այս մասին հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
«Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:
Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Քոչարյանն ու Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից:
Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: