Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին` Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Այս մասին Բուդապեշտում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք բուլղարացիների, ռումինացիների և սլովակացիների հետ միասին դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգ երթուղով ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալ ստանալու համար», – Սիյարտոյի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։
Նրա խոսքով` խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նորերի կառուցման և արդեն գոյություն ունեցող փոխկապակցման հզորությունների ավելացման մասին է։ Նախարարը նաև հայտարարել է, որ Հունգարիան ողջունում է մինչև 2027 թվականը ԵՄ-ին գազի մատակարարումը կրկնապատկելու Ադրբեջանի ծրագրերը:
2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացման արարողության ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև 2027 թվականը նախատեսում է կրկնապատկել բնական գազի մատակարարումը Եվրոպա` մինչև 18 միլիարդ խորանարդ մետր։ Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։