Ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ այն կցվել է մայր վարութին, որը հարուցվել էր դեպքի օրը և իրականացվում է համատեղ քննություն։ «Այս պահի դրությամբ դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,-տեղեկացրեց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: