Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ոչ միայն հումանիտար, հայ-ադրբեջանական կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիր է, այլ Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը, փոխանցում է ԱԺ կայքը։
«Խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է։ Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը»,- ասել է նա։
Գևորգյանի խոսքով՝ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում կամ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն բնիկ ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, այլև այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի:
«Չնայած մեր աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- ասել է նա։
Իր ելույթում Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է քաղաքական բռնությամբ և պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ և միջոցներ:
«Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի և էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» և հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի և գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն»,- նշել է նա:
Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության:
«Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռևս ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է»,- ասել է նա:
ԱԺ կայքը հայտնում է նաև, որ Արմեն Գևորգյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Գևորգյանը տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ կարևորելով ԼՂ շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: