Ռուսաստանի հայերի միությունը պահանջել է կալանքից ազատել հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին Եկատերինբուրգում ի աջակցություն Արցախի կազմակերպված ակցիային, ասվում է միության հաղորդագրությունում։
Միությունը կալանավորման մասին դատարանի որոշումը որպես «պոտենցիալ պայթյունավտանգ քաղաքական սադրանք» է գնահատել, որի նպատակը ռուսական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների բորբոքումն է, իսկ Հայաստանում ՝ հակառուսական տրամադրությունների հրահրումը:
Ռուսաստանի հայերի միությունն ընդգծել է, որ նրանց գործողությունները ոչ մի առնչություն չունեն իրենց առաջադրված իրենց մեղադրանքների հետ:
Ռուսաստանի հայերի միությունն անհամաձայնություն է հայտնել Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանի որոշմանը, որով 5-օրյա ժամկետով կալանավորվել են «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանը և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանը:
«Մենք կարծում ենք, որ ի պաշտպանություն Արցախի խաղաղ միջոցառումը ակցիա է նաև ի պաշտպանություն այսօր արցախցիների կյանքն ու անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների, որոնց առաքելությունն ակնհայտորեն դուր չի գալիս ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլև ադրբեջանցի օտարերկրյա գործակալներին, որոնք այսօր, ըստ ամենայնի, ներդրված են ռուսական շատ կառույցներում եև փորձում են ռուսներին թելադրել իրենց կանոնները»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սվերդլովսկի մարզում տարիներ շարունակ նմանօրինակ խնդիրների բախվում են ոչ միայն հայերը, այլև այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց տեղական իշխանությունների թողտվությամբ կամ աջակցությամբ իրենց համար խորթ «բարոյական պոստուլատներ» են պարտադրում: ՌՀՄ-ն ընդգծել է, որ իրավապահների կանխամտածված անիմաստ զգոնությունը Ռուսաստանում պաշտոնապես գործող հայկական հասարակական կազմակերպության կողմից անցկացված միջոցառման նկատմամբ հուշում է դատավորի կայացրած որոշման պատվիրված և կանխակալ բնույթի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եկատերինբուրգում Արցախի աջակցության ակցիա կազմակերպելուց հետո գործ են հարուցել տեղի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի դեմ։ Հունվարի 23-ին Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ Արցախին աջակցության ակցիա էր տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները ցուցադրել էին Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև բացել «Արցախ, քեզ հետ ենք» ցուցապաստառը։