Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական տարբերակը՝ հանուն ցեղասպանության իրական սպառնալիքի տակ հայտնված Արցախի 120 հազար բնակչության փրկության։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է»,-գրել է նա՝ շեշտելով, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի ռազմական եղանակով ապաշրջափակման տեսական հնարավորության հիշատակումը ոչ համարժեք արձագանք է գտել Բաքվում։
«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի 120 հազար քաղաքացիների պատանդառությունը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական և նյութական նախապայմաններն, ըստ միջազգային իրավունքի, հենց միջազգային ահաբեկչության բացահայտ դրսևորում են հանդիսանում։ Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,-հավելել է Մասիս Մայիլյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: