Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հարցով զեկույցի պատրաստումը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը վեհաժողովի նիստի ավարտին, որի ընթացքում քննարկվել է միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը հստակ դիրքորոշում են հայտնել, որ Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից, խոսքը՝ հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության մասին է:
Նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է կազմակերպության կողմից փաստահավաք խումբ Լաչինի միջանցք ուղարկելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Բաքուն չի կատարում իր պարտավորությունները, և արդեն 46 օր է՝ միջանցքը մնում է արգելափակված։ Ռուբինյանը նշել է, որ ադրբեջանցի պատգամավորները կարդարացնեն շրջափակումը և կհայտարարեն, որ այն գոյություն չունի:
«Դա ստուգելու միայն մեկ եղանակ կա. ենթադրենք, որ կա մի ինչ-որ չար հայկական համաշխարհային դավադրություն, որին ինչ-որ կերպ հաջողվել է խաբել բոլորին և համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Մեծ Բրիտանիային, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ՄԻԵԴ-ին, որ կա շրջափակում, որն իրականում գոյություն չունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնի, որ ԵԽԽՎ-ն անմիջապես փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, քանի որ դա կլինի միակ միջոցը մեր ադրբեջանցի գործընկերների համար ապացուցելու, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում», – հայտարարել է Ռուբինյանը։
Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմը չհամաձայնի առաքելություն ուղարկել, դա կնշանակի, որ նրանք իսկապես ցեղասպան մտադրություններ ունեն, և իրենք մտադիր են ազատվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից: Ռուբինյանն ընդգծեց, որ դա իր հերթին նշանակում է, որ ԵԽԽՎ-ն պետք է գործի համապատասխան և կանխի դա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: