Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։