Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ խնդրելով գնահատել Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճը և նշել այն հնարավոր պատճառները, որոնք երկրում կրճատել են ամուսնությունների թիվը և ավելացրել ամուսնալուծվողների թիվը։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հետևյալն են՝ ամուսնացել է 15 հազար 508 (հակառակ 2021թվականի՝ 15 հազար 902 մարդ), ամուսնալուծվել՝ 4115 մարդ (հակառակ 2021 թվականի՝ 4069 մարդ):
Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ ամուսնալուծությունների աճի և ամուսնությունների նվազման հիմնական պատճառն այն է, որ «դժվար ժամանակներ են», և մարդկանց համար գնալով դժվարանում է ապագայի պլանավորումը։ Մյուս կողմից, հարցվածները նշում են նաև, այսպես կոչված, «եվրոպական արժեքների ազդեցությունը, որոնք նպաստում են ազատությանը»։ Հիմնական պատճառների թվում հարցվածները նշում են ֆինանսական խնդիրներ, միմյանց նկատմամբ հարգանքի պակասը, այս իրավիճակում երկրում ապագա չտեսնելը:
«Առաջինը՝ ժամանակները… շատ վատ ժամանակներում ենք ապրում, բայց ոչինչ անել չենք կարող: Ընտանիք ինստիտուտը ընդհանրապես չի գործում. եթե դեռ Հայաստանում գոնե մի փոքր մնացել են որոշակի ավանդույթներ, ապա ամբողջ աշխարհում այդ ավանդույթները վերացել են: Ընտանիքի ինստիտուտը վաղուց դադարել է գործել: Իմ կարծիքով պատճառներից մեկն էլ այն է, որ երիտասարդները շատ շուտ են ամուսնանում, պատրաստ չեն ընտանիք կազմելուն, ընտանիքը շատ լուրջ հարց է»,- նշեց 70-ամյա մի կին:
Եղան նաև հարցվածներ, ովքեր խոստովանեցին, որ ամուսնալուծությունների թվի աճը պայմանավորված է ընտանիքների կազմաքանդման գլոբալ ծրագրով. քաղաքացին, սակայն, չմանրամասնեց, թե ինչ ծրագրի մասին է խոսքը։
«Շատ խորքային հարց է, համընդհանուր ծրագիր է կարծես՝ ընտանիքների կազմաքանդման ծրագիր, ընտանիք ասվածը այժմ այլ ձևակերպումներ է ստանում, ավելի շուտ վերանում է կամաց-կամաց, ավելի սկսել են տեղ տալ քաղաքացիական ամուսնություններին: Մեզ մոտ արժեհամակարգը փոխվում է, Եվրոպայից է գալիս այդ արժեհամակարգը: Մենք նայում ենք, ընդօրինակում ենք և վերցնում ամենավատ բաները: Ինչպես դիտարկում ենք, ամեն ինչ սկսվել է Եվրոպայից,- նշում է նա:
Հարցված կանանցից մեկն ասում է, որ չամուսնանալու խնդիրը «տղամարդ չլինելուց է»:
«Լավ տղամարդուց ո՞վ կբաժանվի»,- ծիծաղում է նա:
Հարցվածները երկու խնդիրն էլ կապել են աշխատանքային դժվարությունների հետ, ինչը ստիպում է շատ տղամարդկանց մեկնել արտագնա աշխատանքի, ինչի պատճառով էլ «տղամարդիկ գնում են, աղջիկները՝ ոչ ու մնում են չամուսնացած»:
Հարցվածներից ոմանք, այսպես կոչված, արևմտյան արժեքների ազդեցության համատեքստում, որպես ամուսնալուծությունների պատճառ նշել են «ազատ վերաբերմունքը սեփական կողմնորոշմանը» և բիսեքսուալ զույգերի թվի աճը:՞
«Սերունդը շատ է կեղտոտվել, տղա-տղա, աղջիկ-աղջիկ հարաբերություններ, այսպիսի բան չի եղել, լրիվ փչացել են, այն ժամանակ խայտառակություն էր, որ ամուսնալուծվում էին, հիմա այդ ամենը նորմալ երևույթ է դարձել»,- նկատեց մեկ այլ քաղաքացի: