ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը և «ևս մեկ երկիր» հարված են հասցրել Իրանի պաշտպանության նախարարության ռազմական գործարանին՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է ТАСС-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է բալիստիկ հրթիռներով պահեստը։ Իսրայելական Jerusalem Post թերթի աղբյուրները պնդում են, որ Սպահանի վրա հարձակումը «հսկայական հաջողություն է ունեցել»: Թերթի վարկածով՝ Իրանի ՊՆ օբյեկտում» առաջավոր սպառազինությունների մշակում է իրականացվել» 4 պայթյուն է տեղի ունեցել, ինչի մասին վկայում են սոցցանցերում տեղադրված գրառումները:
Միևնույն ժամանակ Al Hadath հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը կապ չունի այդ գործողության հետ։ Հղում անելով ամերիկյան աղբյուրներին՝ հեռուստաալիքը պնդում է, որ զինամթերքի պահեստին հասցված հարվածը կոչված է Իրանին և Ռուսաստանին ցույց տալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ հակազդելու բալիստիկ զենքի արտադրության և արտահանման գործարանների կառուցմանը:
Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնում տեղակայված Iran Watch հետազոտական խմբի տվյալներով՝ Սպահանում է գտնվում Shahed Aviation Industries ձեռնարկությունը, որն արտադրում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը:
Իրանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Իրանի Կենտրոնական Սպահան նահանգի պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերի անհաջող հարձակման մասին: