Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուդապեշտում կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հռչակագիր են ստորագրել երկու երկրների միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 6 փաստաթուղթ, այդ թվում՝ բնական գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Շուշի և Վեսպրեմ քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման հուշագիրը։
Ալիևն ու Օրբանը Բուդապեշտում բանակցություններ են վարել նեղ, ապա նաև ընդլայնված կազմով։ Հունգարիայի վարչապետը, մեկնաբանելով բանակցությունները, հայտարարել է, որ Բաքվի և Բուդապեշտի ուշադրության կենտրոնում էներգետիկ հարցերն են: Օրբանի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր երկիր է Եվրոպայի էներգամատակարարման համար։
Ինչպես հաղորդել է РИА Новости-ին, Ադրբեջանի նախագահը Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է 100 տարի շարունակ էներգիայի հուսալի մատակարար լինել Եվրոպային: «Մեր երկիրը բավականաչափ էներգիա ունի, որպեսզի հաջորդ հարյուր տարում որպես հուսալի մատակարար բավարարի Եվրոպայի պահանջները», – Ալիևի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել էին Եվրահանձնաժողովին՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Նաև 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան Բուխարեստում ստորագրեցին կանաչ էներգիայի զարգացման և առաքման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։