ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հայտնաբերվել են նաև պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:
Գերատեսչությունը մանրամասնում է, որ կատարվել են արտահերթ գույքագրումներ, ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, ստուգվել է ՀՀ ԶՈւ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ: