Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը: Ինչպս հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին:
«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ սիոնիստական ռեժիմը Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման համար պատասխանատվություն է կրում։ Այս ռեժիմի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում»,-գրել է Իրավանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։
Նա ընդգծել է, որ Իրանը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքով իր ազգային անվտանգության պաշտպանելու լեգիտիմ և անքակտելի իրավունք ունի:
«Երբ անհրաժեշտ համարի, Իրանը վճռականորեն կպատասխանի Իսրայելի ցանկացած սպառնալիքին և ոչ իրավաչափ գործողություններին»,-ընդգծել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:
Իրանի պաշտպանության նախարարությունը հունվարի 29-ին հայտնել էր, որ Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում է եղել: Արևմտյան և մերձավորարևելյան լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։