Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ արձանագրեց, որ 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով: Ընդ որում, 7367 դեպքից 3602-ը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն է:
Գրանցված 37 612 դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (56,6 %) և միջին ծանրության (27,6 %) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,2 %-ը:
Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:
Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք:
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (2021 թվականին՝ 943) միավոր զենք:
2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:
Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է՝ 321, և մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով:
2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:
Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը, նշեց թերություններն ու բացթողումները և համապատասխան հանձնարարականներ տվեց դրանց վերացման համար:
ՀՀ ոստիկանության պետը 2023 թվականը հայտարարեց թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի։
Նիստի ավարտին պարգևներ շնորհվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին: