Մոսկվայի Տվերի դատարանը բավարարել է «Новый век» Telegram-ալիքի ադմինիստրատոր Ալեքսանդր Գուսովին կալանավորելու հետաքննության միջնորդությունը, որն ավելի վաղ ձերբակալվել էր ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման մասին քրեական գործի հետաքննության շրջանակներում, հաղորդում է ТАСС-ը:
Իրավապահ մարմիններից գործակալությանը հայտնել են, որ ձերբակալվածը 12 մլն ռուբլի է շորթել ռուս գործարար, բարերար և Yota ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից։ ՆԳՆ մոսկովյան վարչության տվյալներով՝ փետրվարի սկզբին ոստիկանություն է դիմել ռուս գործարար և բարերար, որը հայտնել է, որ չարագործներն իրենից գումար են շորթում։ Վճարումից հրաժարվելու դեպքում նրանք սպառնացել են մեդիատարածքում տեղադրել մտացածին տեղեկատվություն, որը արատավորում է նրա գործարար համբավը։
Նշվում է, որ Գուսովը մեկ գործով է անցնում «Ռոսբալտ» գործակալության լրագրող Ալեքսանդր Շվարյովի հետ, որը հեռակա կարգով կալանավորվել է և հայտարարվել հետախուզում: Դատարանը Գուսովին ուղարկել է քննչական մեկուսարան մինչև ապրիլի 2-ը։ Գործակալության տեղեկատվության համաձայն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, Ալեքսանդր Գուսովը «մերժել է մեղսագրվող արարքին իր մասնակցությունը»:
Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, Գուսովի ձերբակալությունը այլ հայտնի Telegram-ալիքների ադմինիստրատորների ձերբակալությունների շարքում է: Պարբերականը նշում է, որ անցյալ տարի Ռուսաստանում տեղի են ունեցել մի քանի հայտնի Telegram-ալիքների ադմինիստրատորների աղմկահարույց ձերբակալություններ, այդ թվում՝ գործարար լրագրող և «Адские бабки» Telegram-ալիքի հեղինակ Ալեքսանդրա Բայազիտովայի։
Տարեվերջին «Ростех» – ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից շորթման գործով ձերբակալվել էր չորս մարդ, այդ թվում՝ «Осторожно Media» ընկերության կոմերցիոն տնօրեն Քսենիա Սոբչակը և Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկին։