Մոլդովան ակնկալում է Ադրբեջանից Ռումինիայի միջոցով գազ ստանալ համաձայնագրի շնորհիվ, որը կնքել են ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը և ռումինական Romgaz S. A.-ն: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ, իշխող գործողությունների և համերաշխության կուսակցության ղեկավար Իգոր Գրոսուն TVR Moldova հեռուստաալիքի եթերում:
«Այդ համաձայնագրով Ադրբեջանից եկող գազը Թուրքիայի միջոցով կմտնի Տրանսբալկանյան գազատար և Ռումինիա։ Դա թույլ կտա Մոլդովային էլ գնել այն։ Մենք կօգտվենք գազի այդ լրացուցիչ աղբյուրից», – ասել է Գրոսոն։ Նրա խոսքով՝ Ռումինիայից Մոլդովա գազը կարող է մատակարարվել 43,2 կմ երկարությամբ Յասի – Ունգենի գազատարով, որը ԵՄ-ի օգնությամբ կառուցվել է դեռևս 2014 թվականին և այս բոլոր տարիներին չի օգտագործվել: Գրոսուն նշել է, որ հանրապետությունը, եթե գինը շահավետ լինի, կկարողանա այն բեռնել հարևան երկրների ստորգետնյա պահեստարաններ, քանի որ սեփականը չունի։
Ռումինիայից եկող գազատարի թողունակությունը կազմում է տարեկան 1,5 մլրդ խմ, այն դեպքում, երբ հանրապետությունը չճանաչված Մերձդնեստրի հետ միասին սպառում է այդ վառելիքից մինչև 3 մլրդ խմ։
Մոլդովայի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 67,2 տոկոսը, կարծում է, որ նախագահ Մայա Սանդուն պարտավոր է մեկնել Մոսկվա, որպեսզի Ռուսաստանի ղեկավարության հետ պայմանավորվի երկրի համար շահավետ գազի գների շուրջ։ Այսպիսին են հունվարին ԵՄ-ի օգնությամբ CBS-Research («Սի-Բի-Էս ռիսերչ») սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները։
Մոլդովայում մեկ տարվա ընթացքում գազի սակագինը սպառողների համար աճել է յոթ անգամ, էլեկտրաէներգիայի սակագինը՝ երեք անգամ, ջրամատակարարումը՝ երկու անգամ։ Անցյալ տարվա ամռանը Քիշնևում և այլ քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են Սանդուի և Նատալյա Գավրիլիցայի կառավարության հրաժարականը: Դրանց մասնակիցները իշխանություններին մեղադրում են գների աճը հաղթահարելու անկարողության մեջ, որը վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային գնաճ է, որը տարեկան կտրվածքով կազմել է 34 տոկոս: Երկրի ղեկավարությանը քննադատում են այն բանի համար, որ չեն ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ գազի ավելի շահավետ գների շուրջ, ռազմատենչ հայտարարություններ են արել ուկրաինական հակամարտության ֆոնին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: