Թուրքերին այն ամենն իրականացնելու համար, ինչ իրենց անհրաժեշտ է և մտածված է, պետք է ողջ Անդրկովկասը, հայտարարել է ռուս արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ փետրվարի 3-ին հնչեցրած Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ծրագրերը։
«Թուրքիային անհրաժեշտ է ամբողջ Անդրկովկասը, ներառյալ ոչ միայն Ադրբեջանն ու Վրաստանը, այլև Հայաստանը։ Ավելի ճիշտ, նրանց հարկավոր է Զանգեզուրի միջանցքը, նշանակում է՝ հենց այդ Հայաստանի Սյունիքի շրջանը, Եվրասիական մեծ տարանցում կազմակերպելու համար», – նշել է Սատանովսկին։ Փորձագետի կարծիքով, Հայաստանը թուրքերին կարող է անհրաժեշտ լինել միայն որպես իրենց բացարձակ վերահսկողության տակ գտնվող վիլայեթ, իսկ «հայերը Ղարաբաղում բացարձակապես պետք չեն»։
«Անկարայի տեսակետից նրանց ինքնուրույնության մասին խոսք չի գնում, ինչի համար թուրքերը պատրաստ են տարածաշրջանում ուղղակի պատերազմել, ինչում բոլոր ցանկացողները հասցրել են համոզվել երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ», – պարզաբանել է նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, փորձագետը հստակեցրել է, որ նրա շահերը «մնացել են ցարական և խորհրդային ժամանակներում այն մարդկանց հետ, որոնք կարողացել են դրանք ձևակերպել և իրականացնել նման նախագծեր»։
«Ինչ վերաբերում է եվրոպացիներին և ամերիկացիներին, նրանք Մոսկվայի հետ դիմակայության շրջանակներում պատրաստ են Թուրքիային տալ Անդրկովկասը կառավարելու պիտակ, չնայած Էրդողանի հանդեպ իրենց ամբողջ հակակրանքին», – ընդգծել է Սատանովսկին:
Առայժմ բոլոր հաղթաթղթերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում են, կարծում է փորձագետը՝ խոսելով այն մասին, թե արդյոք Երևանը կարող է հավասարը հավասարի պես խոսել Թուրքիայի հետ։ «Երբ և եթե Հայաստանի տնտեսությունը, բնակչությունը և ռազմական ներուժը համադրելի լինեն թուրքականի հետ, հնարավոր է խոսել հավասարը հավասարի հետ։ Երբ և եթե Հայաստանը գլխավորի Սասունցի նոր Դավիթը, վարչապետ կդառնա նոր Անաստաս Միկոյանը, իսկ զորավարները կլինեն նոր նախարարներ կամ Մարշալ Բաղրամյան, ապա իհարկե։ Բայց առայժմ Հայաստանի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը վերը նշված պատմական կերպարներից ոչ մեկին նման չէ…», – եզրափակեց փորձագետը։
Չավուշօղլուն իր արգենտինացի գործընկեր Սանտյագո Կաֆիերայի հետ համատեղ մամուլի ասուլիսում փետրվարի 3-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո Կովկասում խաղաղության և կայունության հաստատման շանս է առաջացել։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Անկարայի նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայուն և զարգացող տարածաշրջան։