Ամեն օր պետք է երդվենք, որ պատրաստ ենք մեր հայրենիքի ամեն միլիմետրը մեր արյան գնով պահել: Իր խոսքն ուղղելով զինվորներին, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նախորդ շաբաթ ՊՆ N ուսումնական զորամասում կատարած այցերից մեկի ժամանակ:
«ՀՀ պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է»,-հավելել է նախարարը:
«Զինուժ» մեդիան տեղեկացնում է, որ այցերի նպատակը սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին հետևելն է: Այցերի ընթացքում Ս. Պապիկյանը զրույցներ է ունեցել նաև զինվորների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները:
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ պետք է բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփության, անկարգապահության հետևանքով տեղին ունեցող դեպքերը: Նա նշել է, որ 2023-ը պետք է լինի սխալների վերացման, նվիրական ծառայության ու բանակի ողնաշարը շտկելու տարի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Նշվել էր, որ քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: