Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է գրեթե երկու հարյուր մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են հարյուրից ավելի շինություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։17-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։ Անադոլուն հայտնում է, որ էպիկենտրոնում ուժգնությունը հասել է 7,4 մագնիտուդի։ Երկրաշարժից հետո գրանցվել է 32 հետցնցում, որոնցից ամենաուժգինը եղել է 6,6 մագնիտուդ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն հայտնել է, որ տուժել են 10 քաղաքներ՝ Գազիանթեփ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիե, Ադիյաման, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիարբեքիր և Քիլիս։
Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 76-ի, ևս 440-ը վիրավորվել են։ Հարյուրավոր շինություններ փլուզվել են։ Տագնապի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել միանգամից մի քանի մարզերում, ինչը ենթադրում է միջազգային օգնության խնդրանք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն սկսել են վերացնել աղետի հետևանքները։
Հայտնի է նաև Սիրիայի մի քանի շրջանների ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայի երեք նահանգներում, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի Առողջապահության նախարարությունում, առնվազն 99 մարդ է զոհվել, ավելի քան 330-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակում են, զոհերի և վիրավորների թիվը ևս շարունակում է աճել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիսում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4 բալ: Երկրաշարժը զգացվել էր Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։