ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Թամարա» ընկերության թթվասերի արտադրությունը, քանի որ թթվասերի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնում է տեսչական մարմինը։
Նշվում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։