ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց և քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, որի դրա վառ ապացույցը այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։
Օրաթերթը տեղեկացրել է ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա մեկ առաջին տեղակալ և երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։
Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգոր Մինասյանը պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ և երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան: