Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի շրջափակումից ի վեր Ադրբեջանի կողմից արդեն վեցերորդ անգամ Հայաստան-Արցախ միակ գազատարն արգելափակելուն՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ միջոցներ կիրառել: ԱՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել:
«Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։ Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից»-ասված է ԱՀ ԱԳն հայտարարության մեջ:
Նշվում է, որ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։
«Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել, արձակում ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ»,-հավելել են ԱՀ ԱԳՆ-ում:
ԱՀ ԱԳՆ-ն հստակ կոչ է արել միջազգային հանրությանը:
«Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»,-ընդգծել են ԱԳՆ-ում:
Հիշենենք, որ երեկ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: