Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին՝ պատասխանելով Բերձորի միջանցքի շուրջ ձևավորված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրություններին:
«Հավաստիացած եղեք, որ ԱՄՆ-ն իր դիտարկման ներքո է պահում հարցն ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին»,- նշել է դեսպանը:
Դեսպանն ընդգծել է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով այնպիսի գործընկերների, կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն է:
«Մենք կաշխատենք ԵՄ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: