Լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը: Գրքի ստեղծման գաղափարի հեղինակը և կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
1991-1994 թթ․ ռազմաճակատի առաջին գծում, ռազմադաշտային շարժական և մշտական հոսպիտալներում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները յուրօրինակ առերեսում են պատերազմի հետ: «Նրանց ժամանակը» ժողովածուն ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։
1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն հաղթանակի կերտման գործում։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետև բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։
Ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել և ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել և՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, և՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։