Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը Թուրքիայում հասել է 3381-ի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզարին:
Նրա խոսքով՝ ևս 20 424 մարդ վիրավորվել է։ Սիրիայում զոհվել է 769 մարդ: Հալեպ, Լաթաքիա, Տարտուս, ինչպես նաև Իդլիբ նահանգներում 1448 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է TASS-ը՝ նրանք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։