Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, հայտարարել է աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ինքներս 1988թ.–ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»,-ասել է նա:
Անդրադառնալով հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը՝ նա նշել է. «Ուզում եմ վերահաստատել այս գործընթացում ներգրավված լինելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց այնուամենայնիվ դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ: Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի»,-ասել է Միրզոյանը:
Հունվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր 2023թ․ հունվարի 1-ից Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքը վերացնելու մասին։ «Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքի վերացման մասին»,- ասել էր նա և հիշեցրել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների իրականացումը «2022 թվականի հուլիսյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։