Հայաստանի ֆուտբոլի մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերը Եվրոպա, հայտնում է championat.com-ը։ Մինասյանը Սպերցյանի տեղափոխության համար ամենաօպտիմալ վայրն անվանել է հոլանդական ՊՍՎ ակումբը։
«Ինձ թվում է, որ Սպերցյանն այժմ պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Նա 22 տարեկան է, ժամանակն է տեղափոխվել ավելի ուժեղ լիգա, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, որպեսզի արագ հարմարվի։ ՊՍՎ-ն լավ տարբերակ է: Հոլանդիայի առաջնությունը թոփ-5 առաջնությունների ցանկում չէ, բայց լավ շուկա ունեն, այնտեղից խաղացողները գնում են եվրոպական թոփ 5 առաջնություններ։ Նրա խաղը համապատասխանում է հոլանդական դպրոցի ոճին, այնտեղ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- բացատրել է մարզիչը:
Մինասյանի խոսքով՝ Սպերցյանը պետք է տեղափոխվի նման ակումբ, որպեսզի խաղային պրակտիկա ստանա, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին։
«Եթե նույնիսկ նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, նա նույնպես քայլ առ քայլ գնաց ու աստիճանաբար տեղափոխվեց ավելի ուժեղ ակումբներ։ Այնպես որ, այդպես ավելի ճիշտ կլինի, որ խնդիրներ չառաջանան։ Սպերցյանի ու Մխիթարյանի համեմատությո՞ւնը. Ես չեմ ուզում նրանց համեմատել, իրավիճակները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Բայց այն, որ Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է, դա հաստատ է, նա կարող է առաջատար լինել Հայաստանի հավաքականում։ Նա ներուժ ունի, բայց ֆուտբոլիստի առաջընթացը կախված է ոչ միայն տաղանդից»,- եզրափակել է Մինասյանը։
Ավելի վաղ Սպերցյանը հայտարարել էր Եվրոպայում խաղալու ցանկության մասին։ «Առաջարկների և տեղափոխությունների մասին ես էլ, բոլորի նման, կարդացել եմ մամուլում։ Ես անձամբ ոչինչ չգիտեմ, ինձ ոչ ոք չի զանգահարել։ Ես այստեղ եմ՝ Կրասնոդարում։ Իմ ապագայի հետ կապված՝ ես ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել և չեմ խորհրդակցում, բայց Եվրոպայում խաղալու ցանկություն կա»,- ասել էր նա։