Անցած տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ընդ որում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք գերազանցել ենք 2019-ի ցուցանիշները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հունվար ամսին Հայաստան է այցելել 159 հազար զբոսաշրջիկ. դա մոտավորապես 30 տոկոսով ավելի է, քան 2019-ի ռեկորդային տարվա ցուցանիշը։ Այս տարի կառավարությունը զբոսաշրջության մարքետինգի համար հատկացրել է զգալիորեն ավելի մեծ գումար։ Տրադիցիոն 200 միլիոնի փոխարեն այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել», – հայտնեց Էկոնոմիկայի նախարարը։
Ըստ Քերոբյանի՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման համար արդեն ԱԺ է ներկայացվել Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը։ «Մենք արդեն խոշոր ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների զարգացման վրա և պլանավորում ենք դա շարունակել հետագայում. կառավարության ծրագրով խոստացել ենք 20 զբոսաշրջային կլաստեր զարգացնել»,-հայտարարեց Քերոբյանը։
Այդ ենթակառուցվածքային ծրագրերով, ըստ նախարարի, ներդրումներ են արվում Գյումրիում, Գորիսում, Ջերմուկում և այլ համայնքներում։ Կառավարությունը ներդրումային ծրագիր է իրականցնում Արենիի ներդրումային կլաստերի ստեղծման համար։