Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
«Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,-ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:
Գ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նշված հոդվածի 3-րդ մասով կատաված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Հիշեցնենք՝ հունվարի 19-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ զորամասում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել ավտոբենզինի օգտագործման հետևանքով: Ավելի ուշ վերոնշյալ դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում հերքել էր պաշտոնական վարկածը: