Արագածոտնի նախկին մարզպետ Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նա եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ:
Նշվում է, որ Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության է դիմել, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացրել է և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:
Մարզպետ Ս.Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ: Ապա օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում՝ ազդել է համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա և դրդել նրան չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն է ստեղծելձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով:
Իսկ Մ.Ղ.-ն կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն և որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով:
Ն.Ս.-ն, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում, նշված անշարժ գույքը 67 մլն 440 հազար դրամի փոխարեն վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ն.Ս.-ի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Ս.-ի` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդրություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Մ.-ի՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն), Մ.Ղ.-ի` քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):
Դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ: