Ռուսաստանը բազմիցս ասել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող, հաստատված հավասարակշռությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Դիվանագետի խոսքով, եթե Երեւան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունն օգնում է հակամարտությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում անվտանգության ամրապնդմանը, ապա Ռուսաստանը կարող է միայն ողջունել դա։
«Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագրերն են, որ հիմք են հանդիսանում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ «Այս ձևաչափով 2020 թվականից սկսվեցին հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապեր հաստատելու առանցքային գործընթացներ»,- ընդգծել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Անդրկովկասում համագործակցության «էքսկլյուզիվ-ինկլյուզիվ» ձևաչափերին, ապա, ըստ նրա, կա «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակ, որն ընդգրկում է միայն Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
«Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս համատեղել տարածաշրջանի ավելի լայն շրջանակի երկրների շահերը։ Սա, ի թիվս այլ բաների, պետք է աշխատի հարթելու նրանց միջև առկա հակասությունները, զարգացնելու առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերը, պայքարելու ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը մատնանշել է 3+3 հարթակի զգալի ներուժը՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։