ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
ՏԿԵ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարն ընդգծել է` Չեխիայի հետ համագործակցության տարբեր ուղղություններով մեծ ներուժ կա, աշխատելու մեծ հնարավորություններ կան և, դեսպանի առաջիկա աշխատանքը միտված կլինի հենց այդ առաքելությանը։
Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին կարևորել երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպանը նկատել է, որ հայաստանյան ենթակառուցվածքները շատ արագ են զարգանում։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Կարևորվել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում չեխական ձեռնարկությունների հետ Հայկական ԱԷԿ-ի համագործակցությունը։
Ընդգծվել է մարզերի և քաղաքների միջև առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Նախարար Սանոսյանը կարևորել է այս տարվա հունիս ամսից Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթերի մեկնարկը, որը ոչ միայն կնպաստի հայ-չեխական հարաբերությունների ամրապնդմանը, այլև մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Քննարկվել է նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության գործընթացի վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գործընթացը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։