Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել իր Facebook-յան էջում՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:
«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև», – տեսանյութին կից գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: