Զորակոչային և զորահավաքային համարման ծառայության տարածքային ստորաբաժանումներում աշխատանքային ակտիվ եռուզեռ է. մեկնարկում են վարժական հավաքները:
ՀՀ ՊՆ ԶԶՀԾ զորահավաքային վարչության պետ Սիմակ Աղբալյանը նշել է, որ այս պահին դեռևս ուսումնասիրման փուլում են:
«Այսինքն, քաղաքացիներն ուղեգրվում են համապատասխան պոիլիկլինիկաներ, և եռօրյա ժամկետում պատասխաններ ենք ստանում, եզրակացություններ կազմում»,-նշել է Սիմակ Աղբալյանը:
Պահեստազորի լեյտենանտ Սամվել Սարգսյանը, որը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, պատրաստվում է մասնակցել նաև նոր ձևաչափով մեկնարկած վարժական հավաքներին:
«Մենք՝ պահոստազորում գտնվողներս, շատ չենք առնչվում մեր անցած ծառայության բոլոր մանրամասնությունների հետ: Այս հավաքները մեզ հնարավորություն կընձեռեն զինվորական մասնագիտությանն էլ ավելի լավ տիրապետել ու չմոռանալ անցածը: Մենք ուզում ենք ապրել խաղաղ, ապահով երկրում, դրա համար պատրաստ լինելը յուրաքանչյուրիս պարտքն է»,-ասաց Սամվելը:
Հիշեցնենք, որ պահեստազորի հավաքները 3-ամսվա փոխարեն այսուհետ 25-օր են տևելու: Ավելի վաղ պաշտպանության նախարարը նշել էր, որ տարվա մեջ քաղաքացին կընտրի իրեն հարմար ժամանակամիջոցը, կամավորության սկզբունքով կներկայանա ծառայության, ապա 7 օր կանցնի վարժանք, իսկ 14 օր ծառայություն:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: