Դատախազության միջնորդության հիման վրա անվավեր են ճանաչվել ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները, հայտնում է դատախազության պաշտոնական կայքը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ նախորդ տարվա հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:
Գլխավոր դատախազությունը նույն տարվա դեկտեմբերի 19-ին դիմել էր ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ: Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ ոստիկանությունը ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ: