Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է Պետդումայի մամուլի ծառայությունը: Վոլոդինը նախազգուշացրել է տարածաշրջանում իրավիճակի լուծման մեջ Եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու փորձերից՝ հիշեցնելով, թե ինչի հանգեցրեց նրանց գործունեությունն Ուկրաինայում:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի վրա։ «Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում, որն ընդունվել է պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», — ասել է Վոլոդինը։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացատրելով ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելության ընտրությունը, հիշատակել էր սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելության տեղակայման նրբությունը: Բաքուն, նրա խոսքով, տարբեր միջազգային հարթակներում իր ագրեսիան բացատրում է նրանով, որ Հայաստանն, իբր, ավելի ու ավելի շատ ռուս զինվորականներ է ներգրավում սահման՝ Ադրբեջանի վրա հարձակվելու համար։ ԵՄ առաքելությունն է տեղում համոզվել այդ հայտարարությունների մտացածին լինելու մեջ, եզրափակել է Փաշինյանը։