Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ՀԱՊԿ երկրներին «որոշել իրենց քաղաքականությունը» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը։
«Եթե ինչ – որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, նման բան չի լինի։ Կգա ժամանակը, այն հեռու չէ, բառացիորեն վաղը, և այն կպահանջի կողմնորոշվել, զբաղեցնել որոշակի դիրք։ Ես չեմ ասում, որ ի վնաս ազգային շահերի և այլն, բայց մեր բոլոր դաշնակից թերություններով հանդերձ մենք ստիպված կլինենք հստակ սահմանել մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նա նշել է, որ միասին «միշտ ավելի հեշտ է»։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ-ում փոխզիջումներ պետք է գտնվեն, ընդհանուր առմամբ երկրները գործում են որպես միասնական կազմակերպություն: «Կարծում եմ, որ այս բարդ շրջանը մենք պետք է անցնենք, և այն էլ ավելի կմիավորի մեր կազմակերպությունն այն սկզբունքներով, որոնք պետք են և հնարավոր են յուրաքանչյուր պետության համար», – ասել է նա՝ նշելով, որ այսօր մարտահրավերները բավական են։
«Մենք համարձակվեցինք մեր նախագահության ծրագրում գրել՝ փորձել լուծել այն խնդիրները, որոնք մեզ մոտ կան։ Հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում։ Ես իզուր չեմ խոսում ձեր փորձի մասին, ձեր հիշողությունը հիանալի է: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այս դժվարին ժամանակներում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում պարագծով», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը։