35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետ է բացվել, որպեսզի Հայաստանի օգնությունը կարողանան հասցնել երկրաշարժից տուժածներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ նշելով, որ հուզված է այդ փաստով:
«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու այն մարդկանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն: Հայաստանը 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա»,-Twitter-ում գրել է Փաուերը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը փետրվարի 11-ին հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա, այսօր նաև ավելի քան 25 տոննա օգնություն: