Հայաստանը Խաղաղության պայմանագրի առաջարկներն այս փուլում ավարտել և փոխանցել է Բաքվին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Այս մասին կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի մեր առաջարկները»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նպատակն է ստանալ փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ են ստորագրել։
Նա նշեց, որ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար և հույս ունի, որ երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։
Փաշինյանը չբացառեց նաև պատերազմական գոևրծողությունների վերակերպումը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության դեպքում։ Ըստ նրա՝ դա աբսուրդ է հնչում, բայց այդպիսի սցենար նույնպես հնարավոր է։
Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, որը կբացառի տևական խաղաղության խաթարման որևէ սցենար։
Վարչպատը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրփաջակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով ճգնաժամը սրվում է, ծավալվում է նաև բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման քաղաքականությունը։
Ըստ նրա՝ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում այս պնդմանը, ապա այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
«Պատահական չէ, որ «Լեմկինի» միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել, իսկ վերջին հայտարարության մեջ ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: