Միսսուրիում 50-ամյա Լամար Ջոնսոնը, որը 28 տարի անցկացրել է բանտում սպանության մեղադրանքով, անմեղ է ճանաչվել այն բանից հետո, երբ դատավորը գտել է «փաստացի անմեղության հավաստի ապացույցներ», հայտնում է Daily Mail-ը։
Ջոնսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման 1994 թվականին՝ իր ընկերոջ՝ 25-ամյա Մարկուս Բոյդի սպանության համար։ Բոյդն սպանվել էր իր տան շքամուտքում՝ դիմակավորված երկու անձանց կողմից։ Միսսուրիի դատավոր Դեյվիդ Մեյսոնը փետրվարի 14-ին կարդացել է դատարանի նոր որոշումը և հայտարարել․ «Դուք ազատ եք»։
Ոստիկաններն ու դատախազները պարզել էին, որ վիճաբանություն է տեղի ունեցել թմրանյութերի գումարի շուրջ։ Ջոնսոնն ի սկզբանե պնդել է իր անմեղությունը՝ հայտարարելով, որ կիլոմետրերով հեռու է եղել իր ընկերուհու հետ, երբ հանցագործությունը տեղի է ունեցել։
Ջոնսոնի այն ժամանակվա ընկերուհին՝ Էրիկա Բարոուն, ցուցմունք է տվել, որ նա ողջ գիշեր Ջոնսոնի հետ է եղել, բացառությամբ մոտ հինգ րոպեի ընդմիջման: Նա ասել է, որ ընկերոջ տան և Բոյդսի տան միջև եղած հեռավորությունը Ջոնսոնի համար անհնարին կդարձներ այնտեղ հասնել և վերադառնալ հինգ րոպեում:
2021 թվականի մարտին Միսսուրիի Գերագույն դատարանը մերժել էր Ջոնսոնի՝ նոր դատավարություն անցկացնելու խնդրանքը։ Բանտից դուրս գալիս Ջոնսոնը չի ցանկացել մեկնաբանություն տալ, միայն մոտեցել է լրագրողներին և ասել՝ «Սա հիասքանչ է»։