Ավելի քան 7 հազար միգրանտներ են հավաքվել Հունաստանի հետ սահմանի թուրքական կողմում գտնվող «Կաստանիես» հսկիչ անցակետի շրջանում և փորձեր են անում հարևան երկրի տարածք ներթափանցել շրջափակված հունական ռազմական կամրջով և ցամաքային սահմանի երկայնքով անցնող Էվրոս գետի վրայով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ միգրանտները անհայտ քիմիկատներ են նետում հույն ոստիկանների ուղղությամբ, իսկ նրանք ժամանակ առ ժամանակ կիրառում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ, որպեսզի հեռացնեն ամբոխին: Ընդ որում, հունական ERT ռադիոկայանի փոխանցմամբ, թուրք ոստիկանները ժամանակ առ ժամանակ օդ են կրակում, որպեսզի ամբոխին դրդեն անցնել սահմանը։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Անկարայում որոշել են չխոչընդոտել սիրիացի փախստականներին, որոնք ձգտում են Եվրոպա հասնել ծովով կամ ցամաքով: Թուրքական ոստիկանության, առափնյա պահպանության և սահմանային անցակետերի աշխատակիցներին հրահանգ է տրվել անգործության մատնվել Սիրիայից փախստականների հոսքի առաջացման դեպքում: Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի որոշումից հետո առնվազն 18 հազար սիրիացի փախստականներ հատել են ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանը:
Թուրքիայի որոշման հետ կապված՝ չխոչընդոտել սահմանն անցնելու միգրանտների մտադրություններին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չեղարկել է այս հանգստյան օրերին նախատեսված իր այցերը Լեսբոս, Խիոս և Սամոս կղզիներ և շաբաթ օրը կառավարական խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու Հունաստան անօրինական միգրանտների և փախստականների հոսքը կանխելու միջոցառումները:
Այս ֆոնին Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է շտապ գումարել ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստը։ Իր հերթին Գերմանիայի խորհրդարանում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցության պատգամավոր Մաթիաս Միդելբերգը անպատասխանատու է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները՝ փախստականների համար սահման բացելու նրա սպառնալիքի լույսի ներքո: Այս մասին գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել Է DPA գործակալությանը տված հարցազրույցում։
«Չի կարելի թույլ տալ 2015 թվականի աշնան իրավիճակի կրկնություն», -ընդգծել է Միդելբերգը: «ԵՄ միլիարդավոր եվրոներ գործարկելու փոխարեն, նա (Էրդողանը) իր երկրում միգրանտներին օգտագործում է որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց», -հայտարարել է պատգամավորը: