Պետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում վերջին շրջանում առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ»,- գրում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՊԵԿ-ը հայտնում է, որ շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:
«Գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում»,- ասված է հաղորդագրության մեջ: