Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել իտալացի էստրադային երգչի երգը, եթե «ներաձուրիներն» այս մրցաշրջանում դառնան Ա սերիայի չեմպիոն, հայտնում է Football Italia-ն։
«Իմ երազանքը Ինտերի համար 20-րդ սկուդետտոն նվաճելն է, եթե դա տեղի ունենա, ես կերգեմ Ալ Բանոյի երգը»,- ասել է նա։
Մխիթարյանի խոսքով՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ եղել են անհամաձայնություններ, սակայն դրանք հաղթահարվել են։
«Մենք գիտենք, որ կարող էինք ավելի լավ հանդես գալ մրցաշրջանի սկզբում, բայց այժմ կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել ապագայում: Մեզ մնացել է 17 հանդիպում, և մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք Միլանին, սենսացիա էր»,- ասել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Մխիթարյանը երկրպագուներին պատմել էր Հայաստանի մասին։ Թիմի ալիքում տեղադրված տեսանյութում, ի պատասխան այն հարցին, թե որտեղից է ինքը՝ Մխիթարյանը գծել էր Հայաստանի և Արցախի քարտեզը և ցույց տվել, թե որտեղ է գտնվում Երևանը։