Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։ Այս մասին «Արցախպրես» -ին տված մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։
«Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։
Նշենք, որ նախօրեին Մյունխենում կայացած պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։