Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն։
«Սպասարկման կետերում աշխատանքները վերսկսելուն պես Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ավելի վաղ օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել էր կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել էր, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: