Նախօրեին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների զոհվելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ հաղորդագրության՝ նախօրեին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։
Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,-նշվում է գրառման մեջ։