Ադրբեջանական կոնցեպտը հայ-ադրբեջանական բոլոր դեռևս չլուծված հարցերում հայելային քաղաքականություն վարելն է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ամփոփելով Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը:
«Այլ կերպ ասաց՝ եթե կա Լաչինի միջանցք, ապա ինչո՞ւ պետք է չլինի Զանգեզուրի միջացք»,- Ադրբեջանի դիրքորոշումը պարզաբանեց Հակոբյանը՝ նշելով, որ Լաչինի միջացնքում անցակետեր տեղադրելու Ալիևի հայտարարությունն ընդհանուր առմամբ տեխնիկական դետալ է. հարցը պետք է ավելի խորքային դիտարկել:
«Երբ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց խաղաղության պայմանագրում Արցախը հիշատակելու մասին, ապա իմ տպավորությամբ՝ եթե Հայաստանը նշում է արցախցների իրավունքների մասին, ապա Ադրբեջանն էլ հարց է բարձրացնելու «Արևմտյան Ադրբեջանում», այսինքն՝ Զանգեզուրի տարածքում ադրբեջանցի բնակչության վերադարձի և նրանց իրավունքների մասին՝ ամենուր կիրառելով հայելային հակադարձման մեթոդաբանությունը:
Ըստ մասնագետի՝ առհասարակ Մյունխենում ամեն ինչ տեղի է ունեցել այն տրամաբանական և քաղաքական նախընտրությունների տիրույթում, ինչը վաղուց արդեն ընտրել է ՀՀ իշխանությունը:
«Հավատարիմ լինելով խաղաղության դարաշրջանի կոնցեպտին, Հայաստանի իշխանությունը փորձում է ցանկացած զիջումների գնով, մեղադրաքներ ու որակավորումներ կուլ տալով գտնել երաշխավորների, որոնք կապահովեն իրենց պատկերացրած Հայաստանի անվտանգությունը: Իսկ իրենց պատկերացրած հայկական հետաքրքրությունների մեջ չի մտնում Արցախը և հայտնի է, որ խոսքը 29 800 քառակուսի կմ տարածքի մասին է, իսկ Արցախում խոսքը միայն անվտանգության և ժողովրդի իրավունքների մասին»,- ասաց նա:
Այդ առումով, ըստ քաղտեխնոլոգի, այն ինչ կատարվեց Մյունխենում, մեկ քայլով մոտեցնում է խաղաղության դարաշրջանին, որն ամբողջովին տեղավորվում է արևմտյան փաստաթղթի տրամաբանության մեջ: Իսկ այդ փաստաթղթի մեջ ժամանակին Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներն են, որոնք այժմ, Հակոբյանի խոսքով, կոչվում են «արևմտյան սկզբունքներ»:
«Մյունխենում Ալիևը փաստացի ասաց՝ ինչ ես ձևեր թափում. պատերազմից հետո կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո ձեզ մոտ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ ձեր ժողովրդի զգալի մասն ընդունեց այդ կապիտուլյացիան, վավերացրեց այն՝ քեզ ընտրելով: Այդ իսկ պատճառով Ալիևի համար զարմանալի է, թե ինչում է հապաղման պատճառը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ աշխարհում նույնպես ընկալումն այդպիսին է, ինչն Ալիևը կրկին ամրագրեց Մյունխենում:
Փորձագետը դժվարանում է ասել, թե այս պահին որ կետում է զիջման գնացել Նիկոլ Փաշինյանը, որ Ալիևն ասում է՝ առաջընթաց կա, բայց ՀՀ իշխանությունները բազմիցս են ասել, որ արտաքին խաղացողներ են գտնելու, որոնք կերաշխավորեն անվտանգությունը:
«Պարզ է, որ արևմտյան «գարանտներն» էլ ամեն ինչ անում են, որ Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը, սակայն բնական է, որ նրանք մեծ դեր չեն ունենալու, քանի որ գետնի վրա այնուամենայնիվ գտնվում են ռուսական զորքերը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մյունխենյան եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին և տևել մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին անցկացվել է նաև պանելային քննարկում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ:
Արաքսյա Սնխչյան