Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն:
Նախարարը հաստատեց, որ իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց հայկական կողմի պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է եղել:
«Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով կարծիքներին, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը ասաց, որ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: «Այս նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում»,- հավելեց նախարար Միրզոյանը:
«Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը»,-ասաց Միրզոյանը: